Մի խումբ ոչ ավանդական  սեռական կողմնորոշում ունեցող զինվորականներ դատարանի միջոցով պահանջել են Պենտագոնից ճանաչել իրենց նույնասեռ ամուսնությունները եւ իրենց ու իրենց զուգընկերներին եւս տրամադրել բոլոր արտոնություններն ու նպաստները, որոնք նախատեսված են ամուսնացած զինծառայողների համար,  գրում է NEWSru.com-ը` վկայակոչելով ԻՏԱՌ - ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄՆ Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ) դաշնային շրջանային դատարան ներկայացված  հայցում  այդ պահանջները հիմնավորվում են սոցիալական արդարության եւ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

Ի դեպ, հայցը փաստացի ուղղված է  Միացյալ Նահանգների դաշնային օրենքներից մեկի  դատական խափանմանը: Խոսքն այսպես կոչված «Ամուսնության պաշտպանության մասին օրենքի» մասին է, ավանդական իմաստով, որը, մասնավորապես, Պենտագոնին արգելում է ճանաչել նույնասեռ ընտանեկան միությունները:

Այս հայցը ներկայացվել էր ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Պենտագոնը պաշտոնապես հրաժարվել էր իր նախկին քաղաքականությունից, որը, փաստորեն, արգելում էր  նույնասեռականներին բացահայտ ծառայել զինված ուժերում: Ուժը կորցրած  էր ճանաչվել 1993թ. նախագահ Բիլ Քլինթոնի օրոք ընդունված օրենքը, որն անվանում էին  Don`t Ask Don`t Tell («Մի հարցրու, մի ասա»):

Օրենքով նույնասեռականներին թույլատրվում էր  ծառայել է  Միացյալ Նահանգների զինված ուժերում, բայց միեւնույն ժամանակ արգելվում էր  բացահայտել իրենց սեռական կողմնորոշումը, իսկ հրամանատարներին արգելվում էր հարցնել  դրա մասին: