Իտալացի հայտնի ֆոտոմոդել, դերասանուհի Վանեսա Հեսլերը հատուցել է Մութասիմ Քադաֆիի հետ ունեցած կապի համար, ով օրերս սպանվել էր իր հոր` Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ: Գերմանական հեռուստահաղորդակցական Telefonica Germany կոնցեռնը լուծել է մոդելի հետ կնքած պայմանագիրը: Հեսլերը TelefonicaGermany կազմում ընդգրկված Alice DSL ցանցային  ընկերության դեմքն էր, գրում է Focus-ը:

Ամեն ինչ սկսվեց իտալական Diva e DonnaО հրատարակչությանը տված հարցազրույցից, որի ժամանակ Հեսլերը խոստովանել էր, որ 4 տարի շարունակ սերտ հարաբերություններ է ունեցել Մութասիմ Քադաֆիի հետ: Բացի այդ, մոդելը հայտնել էր, որ գնդապետի ընտանիքը, այդ թվում Քադաֆիի եղբայրները, ամենեւին էլ հրեշներ չեն, ինչպես նրանց մասին խոսում եւ գրում են, նրանք սովորական մարդիկ են, եւ լիբիացիները գնդապետի կառավարման տարիներին ոչ ավելի աղքատ եւ ոչ էլ ավելի մոլեռանդ  են դարձել:

Ըստ Lenta.ru-ի, սկզբում Telefonica Germany ընկերությունը փորձել է հեռու մնալ Հեսլերի ասածներից: Կոնցեռնի ներկայացուցիչ Ալբերտ Ֆետչը հոկտեմբերի 28-ին հայտնել է, որ այդ կարծիքը միայն Վանեսա Հեսլերինն է, եւ ընկերությունը համամիտ չէ: Միաժամանակ, ընկերությունը մոդելին խնդրել է եւս մեկ հայտարարություն անել եւ փաստացի հրաժարվել իր խոսքերից, քանի որ նրա կարծիքը տարբերվում է ընկերության արժեքներից: Սակայն Հեսլերը այլ հայտարարություններ չի արել, եւ նրա հետ  կնքած պայմանագիրը լուծվել է: