Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն պահանջել է հանրաքվե անցկացնել բյուջետային էկոնոմիկայի ծրագրի վերաբերյալ: Այդ ծրագիրը պահանջում են ընդունել երկրի վարկատու կառույցները: Պապանդրեուն բարձրացրել է նաեւ խորհրդարանում կառավարության վստահության հարցը, որը քվեարկության կդրվի նոյեմբերի 4-ին: Իսկ ահա հանրաքվեի անցկացման հարցը դեռ անորոշ է. խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է աջակցել հանրաքվեի անցկացմանը, հաղորդում է «Վեդոմոստին»:

Ի դեպ, հանրաքվեն կարող է չկայանալ, քանի որ ըստ Սահմանադրության, հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ է խորհրդարանի 300 պատգամավորներից 180-ի աջակցությունը, այնինչ իշխող «ՊԱՍՈԿ» կուսակցությունը ունի ընդամենը 153 ձայն, հաղորդում է «Կոմերսանտ online»-ը:

Ընդդիմությունն արդեն միահամուռ դեմ է արտահայտվել Պապանդրեուի նախաձեռնությանը: Հիմնական ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությունում հայտարարել են, որ ամենալավ հանրաքվեն «հենց հիմա» նոր ընտրություններ անցկացնելն է: «Մնացած բոլորը շեղում է ժողովրդավարությունից եւ երկիրը տանում է աղետի»,- նշել է «Նոր դեմոկրատիայի» պաշտոնական ներկայացուցիչ Յաննիս Միխելակիսը, հավելելով, որ նման հանրաքվեի անցկացումը կասկածի տակ է դնում Հունաստանի եվրոպական ապագան: