Չորեքշաբթի Առնոլդ Շվարցենեգերին բերման են ենթարկել Մյունխենի օդանավակայանում՝ մաքսային ստուգման ժամանակ շվեյցարական Audemars Piguet ընկերության չհայտարարագրված ժամացույցի պատճառով։
Այս մոդելը պատրաստվել է հատուկ դերասանի համար, նա դրանք կրել է մի քանի ֆիլմերում։ Աշխարհում կա ընդամենը 20 նման ժամացույց։ Դրանց պատճառով կինոաստղին երեք ժամ պահել են ոստիկանական սենյակում, իսկ հետո ստիպել են վճարել ժամացույցի արժեքը, տուգանքն ու հարկերը։ Ինքը՝ Շվարցենեգերը, մտադիր էր ժամացույցը վաճառել աճուրդում և այդ գումարն օգտագործել կլիմայի պահպանման համար։
Bild-ի մեկնաբանության մեջ Շվարցենեգերը բյուրոկրատական ձգձգումներն անվանել է «խնդիր, որով հիվանդ է Գերմանիան»:
«Սա աշխարհի ամենադիտվող ժամացույցն է այս պահին»,- կատակել է 76-ամյա դերասանը՝ օգտագործելով «the most watched watch» բառախաղը: Նա դեռ մտադիր է ժամացույցն աճուրդի հանել, բայց հիմա շատ ավելի թանկ գնով։ Նա սկզբում դրանք գնահատել է մոտավորապես 20000 եվրո:
Այժմ աճուրդի մեկնարկային գինը 50000 եվրո է։ Մաքսատանը տեղի ունեցած միջադեպից հետո տասնյակ կոլեկցիոներներ սկսել են հետաքրքրվել այս մոդելով։





























