Հելլոուինի քաղաքական սարսափների կոլաժը ցնցել է ԱՄՆ քաղաքական գործիչներին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի ձայնը, հանրապետական կուսակցության վիրջինյան Լոուդոն շրջանի բաժանմունքը իր կայքում քաղաքական գործիչների սարսափ դեմքերի կոլաժ է տեղադրել:
Կոլաժում երեւում է Օբաման` գլխին կրակած զոմբիի տեսքով, այնտեղ է նաեւ Ներկայացուցիչների Պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին եւ նախագահի այլ կողմնակիցներ` կենդանացած մեռյալների տեսքով:Առաջինը սկանդալային նկարի մասին հայտնել են «Too Conservative» բլոգի հեղինակները, ասելով, որ լոուդոնյան հանրապետականները շատ հեռու են գնացել, եւ նրարնց այս արարքի մասին հարկավոր է հայտնել Գաղտնի ծառայությանը: Սակայն կուսակցության տեղական բաժանմունքի առաջնորդը դա համարել է ընդամենը հելլոուինյան բարեհոգի կատակ:
Ամեն դեպքում, եւ դեմոկրատները, եւ հանրապետականները բացասական են վերաբերվել անհաջող կատակին: Վիրջինիա նահանգի հանրապետական կոմիտեի ղեկավար Փեթ Մալինսը նախագահի այդ պատկերը անվանել է «զզվելի» եւ հեղինակներից պահանջել է անհապաղ ներողություն խնդրել: Իսկ հանրապետականների Ազգային կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ նման նկարները քաղաքականության մեջ տեղ չունեն:



























