Երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում վնասված Ճապոնական  «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի ռեակտորներից մեկում ռադիոոակտիվ քսենոն է հայտնաբերվել, հայտնում է BBC-ն:

Ըստ մասնագետների` ռադիոակտիվ գազը կարող է ատոմային անվերահսկելի բաժանման արդյունքում առաջացած թափոնային  արտադրանք լինել, ինչը վկայում է նոր լուրջ խնդրի մասին:Կայանի օպերատորը հայտարարել է, որ ռեակտորի ներսում ռադիացիայի մակարդակը չի հասել ծայրահեղ աստիճանի, ջերմաստիճանը եւ ճնշումը եւս նորմայի սահմաններում են: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Հիրոյուկի Իմարիի խոսքով` ռադիոակտիվ քսենոնը ինքնին մեծ սպառնալիք չէ, բայց հարկավոր է պարզել, թե որտեղից է հայտնվել:  Կայանի աշխատակիցները բորաթթվի լուծույթ են լցնում  ռեակտորի մեջ,  որը կչեզոքացնի հնարավոր ատոմային ռեակցիաները, նշում է gazeta.ru-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս տարվա  մարտին երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում վթար էր տեղի ունեցել: