Աֆրիկյան փոքրիկ Գանա պետության բնիկները կարծում են, որ հուղարկավորությունը ոչ թե մահացածին հրաժեշտ տալու տխուր միջոցառում է, այլ ավելի լավ աշխարհ տեղափոխություն:

Հենց Գանայում է հայտնվել հանգուցյալին արտառոց ձեւերի դագաղներով թաղելու ավանդույթը:

Ավանդույթն այդ բավական երիտասարդ է եւ հայտնվել է անհեթեթ պատահականությունից. Անցած դարի կեսերին Գանայի կառավարիչներից մեկը արծվի տեսքով պատգարակ է պատվիրել, որը հասցրել են հենց թաղման օրը: Հնարամիտ ազգականները պատգարակի վրա կափարիչ են դրել եւ թաղել միապետին:

Թաղման նոր մեթոդը դուր է եկել տեղացիներին: Դագաղի դիզայնը հիմնվում է հանգուցյալի կյանքի որեւէ դրվագի վրա: Օրինակ, եթե փողոցով մեքենայի տեսքով դագաղ են տանում, ուրեմն հանգուցյալը վարորդ է եղել: Ֆերմերին կարող են դնել հավի տեսքով դագաղի մեջ:

Արտադրության բարդության պատճառով մեկ դագաղի արժեքը կազմում է 500-600 դոլար: Դա Գանայի շատ բնակիչների տարեկան եկամուտն է, եւ երկրի կառավարությունը անհանգստանում է, որ դագաղների արտադրությունը դարձել է ամենալուրջ արտադրական ոլորտներից մեկը: