Նիգերիայի իշխանությունները պետական ծառայություն իրականացնող եւ պաշտոնյայի աշխատավարձ ստացող քաղաքացիների թվում մեկ ամսական երեխայի են հայտնաբերել: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Իշխանությունները անչափահաս պաշտոնյային հայտնաբերել են պետական ծառայողների շրջանում «մեռած հոգիներ» հայտնաբերելուն ուղղված գործողությունների ընթացքում: Ինչպես հայտնի դարձավ, նորածինը Զամֆարա նահանգի կառավարության աշխատակիցների թվում էր հաշվառված: Բացի այդ, փաստաթղթերից երեւում էր, որ նա բարձրագույն կրթության վկայական ունի, հայտնում է Lenta.ru-ն:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` պետական միջոցները յուրացնելու համար:
Ըստ տեղի իշխանությունների ներկայացուցիչ Գարբա Գայամի` Զամֆարի դեպքը տարածված պրակտիկա է, որի ժամանակ պաշտոնյաները իրենց կանանց եւ երեխաների անուններով աշխատավարձեր են փոխանցում:
Զամֆարայի բնակչության հիմնական մասը մուսուլմաններ են: 1999թ.-ից այստեղ պաշտոնապես գործում են շարիաթի նորմերը, համաձայն որոնց` գողության համար ձեռքը կտրում են: Սակայն այսքան ժամանակ, AFP-ի տվյալներով, նահանգում կոռուպցիայի ոչ մի մեղադրական չի հնչել: 2001թ. Զամֆարայում ձեռքից զրկվել են անասուն գողացած երկու անձինք, ինչը միջազգային հանրության բուռն քննադատությանն է արժանացել:




























