Եվրահանձնաժողովը առաջարկել է խստացնել երեխաների սեռական բռնության և շահագործման դեմ պայքարի քրեական կանոնները՝ այդ թվում արգելել պոռնոգրաֆիկ նյութերի հեռարձակումն ուղիղ եթերում և բռնության մասին նյութերը ներառել դիփֆեյքերում կամ արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված այլ նյութերում, հաղորդում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովից հայտնում են, որ ինչպես երեխաների՝ համացանցում ներկայացվածության զգալի աճը, այնպես էլ տեխնոլոգիայի արագ առաջընթացը նոր հնարավորություններ են ստեղծել չարաշահումների համար, ինչի հետևանքով 2022 թվականին ԵՄ-ում երեխաների սեռական բռնության մասին 1,5 միլիոն հաղորդում է ստացվել։
Նոր կանոնները հարմարեցվում են 2011 թվականին ընդունված օրենքներին և ընդլայնում են մանկապղծության հանցագործությունների սահմանումը` ներառելով հեռարձակումները և արհեստական բանականության միջոցով ստեղծվող բովանդակությունը:
Նախատեսվում է նաև ֆինանսական փոխհատուցման իրավունք սահմանել բռնությունից տուժած անձանց համար։
ԵՄ անդամ երկրներին կառաջարկվի ուժեղացնել չարաշահումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ինչպես օրինակ՝ համացանցում առկա ռիսկերի մասին երեխաների տեղեկացվածության բարձրացումը:
Եվրախորհրդարանը և անդամ երկրները պետք է համաձայնեցնեն առաջարկը մինչև դրա ուժի մեջ մտնելը։





























