ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանն այսօր մերժել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած հայցադիմումը, որով նա պնդել է, թե ինքն ունի դատական հետապնդումից անձեռնմխելիություն այն ենթադրյալ հանցագործությունների  համար, որոնք նա կատարել է որպես նախագահ՝ փորձելով չեղարկել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, ինչը հանգեցրել էր Կապիտոլիումի դեմ գրոհին, հայտնում է NBC News-ը։

Հաղորդվում է, որ Թրամփն անմիջապես կդիմի Գերագույն դատարան՝ կանխելու ծրագրված դատավարությունը։

«Նախագահ Թրամփը  համաձայն չէ Կոլումբիայի շրջանային դատարանի որոշման հետ և կբողոքարկի այն, որպեսզի պաշտպանի նախագահի ինստիտուտը և Սահմանադրությունը», - ասվում է նրա նախընտրական շտաբի խոսնակ Սթիվեն Չունգի հայտարարության մեջ:

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի երեք դատավորներից կազմված կոլեգիան որոշել է, որ Թրամփը հիմք չունի պնդելու, թե նախկին նախագահները բացարձակ անձեռնմխելիություն ունեն քրեական հետապնդումից նախագահության  ժամանակ կատարած ցանկացած արարքի համար:

«Այս քրեական գործում նախկին նախագահ Թրամփը դարձել է քաղաքացի Թրամփ, ուստի ցանկացած գանձեռնմխելիություն, որը կարող էր պաշտպանել նրան նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, այլևս չի պաշտպանում նրան այս հետապնդումից»,- ասվում է վճռում:

Թրամփը, պնդել է, որ «նախկին նախագահների նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանելը սահմանափակել նախագահական գործողությունները պաշտոնավարման ընթացքում նախագահական գործողությունները սահմանափակելու և անլուրջ ու վիրավորական հետապնդումների համար դուռ բացելու վտանգ է առաջացնում», սակայն վերաքննիչ դատարանն այդ ռիսկը ցածր է գնահատել։