Հունաստանը ԵՄ կողմից Աթենքին ֆինանսական օգնություն տրամադրելու առիթով համաժողովրդական հանրաքվե չի անցկացնի: Այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Reuters-ի, ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը զանգահարել է Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, Տնտեսական եւ արժութային քաղաքականության եվրակոմիսար Օլի Ռենուին, ինչպես նաեւԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին: Նա բոլորին տեղեկացրել է, որ Աթենքը հանրաքվե չի անցկացնի, ինչը կարող էր վտանգել եվրոգոտու տնտեսական կայունությունը:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն հայտնել էր, որ հանրաքվեին հույները պետք է կարծիք հայտնեն, թե արդյոք համաձայն են, որպեսզի երկիրը բազմամիլիարդանոց օգնության փաթեթ ընդունի եւ փոխարենը ավելի կոշտ տնտեսական քաղաքականություն վարի, ինչը ներառելու է աշխատավարձերի եւ նպաստների, ինչպես նաեւ պետական աշխատողների կրճատում եւ հարկերի բարձրացում:




























