Ռուսաստանի ԱՀԿ մտնելու ճանապարհին հերթական անսպասելի խոչընդոտն է առաջացել. այս անգամ դեմ է արտահայտվել ամերիկյան կոնգրեսականների խումբը, որը պահանջել է նախ Ռուսաստանին ստիպել միանալ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաձայնագրին:
Ըստ Reuters-ի` համաձայնագիրը նախատեսում է բարձր տեխնոլոգիաների արտադրանքի բոլոր սակագների զրոյացում, եւ Ռուսաստանի հետ բանավոր պայմանավորվածություն կա դրան միանալու, սակայն կոնգրեսականները գրավոր երաշխիքներ են պահանջում:
Կոնգրեսականների պահանջին միացել են նաեւ ԱՄՆ խոշորագույն ընկերությունների ղեկավարները, որոնք Բարաք Օբամային ուղղված նամակում գրել են, որ ԱՀՄ-ի շրջանակներում զրոյական տարիֆների վերաբերյալ Ռուսաստանի վրա դրված պարտականությունները այնքան էլ համակողմանի չեն, ինչպես նախատեսված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաձայնագրով, հայտնում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, Ռուսաստանը ակնկալում է ԱՀՄ անդամ դառնալ նոյեմբերի 10-ին: Վերջին արգելքը Վրաստանն էր, բայց նոյեմբերի 3-ին Ռուսաստանին եւ Վրաստանին հաջողվել է վերջնական համաձայնության գալ մաքսային հարցերի շուրջ:




























