Գերմանիայի խորհրդարանի խումբ պատգամավորներ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (OPCW) եւ միջազգային հանրությանը կոչ են արել հետաքննել թուրքական զինուժի՝ հոկտեմբերի 24-ին Քազանի հովտում քուրդ զինյալների դեմ իրականացրած գործողությունները։
Firat գործակալության փոխանցմամբ՝ գերմանացի պատգամավորները OPCW-ին կոչ են արել՝ անհապաղ մեկնել բախման վայր եւ ուսումնասիրություն կատարել։ Մալաթիայի դիահերձարանում գտնվող քուրդ զինյալների դիակների վրա հրազենային կրակոցի հետ չկա եւ ապացուցվել է, որ նրանք սպանվել են քիմիական զենքով»,-ասել են գերմանացի պատգամավորները՝ անհրաժեշտ համարելով, որ պետք է թուրք պաշտոնյաների դեմ դատական գործ հարուցել՝ հետագայում նման հանցանքներ չկրկնելու համար։
Նշենք, որ Թուրքիայի խորհրադարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները եւս պնդում են, որ Քազանի հովտում քուրդ զինյալների դեմ քիմիական զենք է կիրառվել։ Մալաթիայի պետական հիվանդանոցի դիահերձարանում գտնվող PKK-ի զինյալների դիակները չեն հանձնվում հարազատներին։
Բացի այդ, օրեր առաջ Գերմանիայի մի խումբ իրավաբաներ դատական հայց են ներկայացրել Թուրքիայի վարչապետի, վերջին 10 տարում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած անձանց դեմ՝ էթնիկ խմբի (քրդերի-NEWS.am) դեմ պետական ահաբեկչություն իրականացնելու, պատերազմական հանցանքներ գործելու եւ քիմիական զենք կիրառելու հրաման արձակելու մեջ։
Ներկայացված հայցի մեջ պահանջվում է, որ հիշյալ թուրք պաշտոնյաները Գերմանիա մտնելուն պես ձերբակալվեն։ Նշվում է, որ հայցում նաեւ ներկայացված են մեղադրանքներն ապացուցող մի շարք փաստաթղթեր, լուսանկարներ եւ վկայություններ։




























