Ուկրաինայի համար Ֆրանսիական զենքի արտադրությունը կրկնապատկելու կամ նույնիսկ եռապատկելու առումով տնտեսական խնդիրներ կան, մենք դա պետք է քննարկենք ԵՄ շրջանակներում։ Այս մասին փետրվարի 23-ին Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։

«Ուկրաինային աջակցության առումով կարևոր է տնտեսական բաղադրիչը։ Մենք կրկնապատկել ենք «Միստրալ» հակաօդային պաշտպանության համակարգի արտադրությունը, նույնը պետք է լինի հեռահար հրթիռների դեպքում։ Ուկրաինային օգնություն է ցուցաբերվել նաև կադրերի պատրաստման տեսքով։ Բացի այդ, Կիևին օգնություն կտրամադրվի զենքի արդիականացման հարցում»,- նշել է նախարարը։

Նա մատնանշեց ամբողջ եվրոպական մոդելի վերանայման կարևորությունը, որպեսզի ապահովվի հավաքական անվտանգությունը։

«Մենք Ֆրանսիայում աշխատում ենք վերակառուցելու մեր հրթիռները և ներդնելու նոր զենքեր, որոնք ավելի լավ կպաշտպանեն մեր երկինքը», - եզրափակել է Լեկորնուն:

Արամ Դանիելյան