Կազմակերպված հանցագործության եւ իրավակարգման թանգարանը, կամ Մաֆիայի թանգարանը (The Mob museum) բացվելու է  Լաս Վեգասում 2012-ի փետրվարի 14-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գանգստերական խմբավորումների եւ նրան դեմ պայքարին նվիրված թանգարանի երեք հարկում ներկայացվելու են բազմաթիվ իրական պատմություններ մաֆիայի կյանքից եւ թե ինչպես են դրանք ազդել Լաս Վեգասի եւ ընդհանրապես ԱՄՆ-ի վրա, բացի այդ ցուցադրվելու են դրվագներ մաֆիայի եւ իրավապահ ուժերի միջեւ ընթացող պայքարից:

Թանգարանի տնօրենների խորհուրդը ղեկավարում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Էլեն Նուոլթոնը (Ellen Knowlton): Բացի այդ, թանգարանը սերտ համագործակցում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի շատ աշխատակիցների եւ գաղտնի գործակալների հետ:

«Թանգարանի ցուցադրության նպատակն է ներկայացնել իրական պատմություն կազմակերպված հանցագործության եւ այն մասին, թե ինչպես են իրավապահ մարմինները պայքարել եւ շարունակում են պայքարել մաֆիայի դեմ»,-ասել է Նուոլթոնը:

Պատահական չէ, որ թանգարանի բացումը տեղի է ունենալու փետրվարի 14-ին, քանի որ 1929-ի այդ օրը Չիկագոյում տեղի է ունեցել Ալ Կապոնե խմբավորման իտալական մաֆիոզների հաշվեհարդարը գերմանա-իռլանդական հանցագործների հետ, որի արդյունքում զոհվել է 7 մարդ:

Ակնկալվում է, որ թանգարանը կկրավի հարյուր հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը, նրա տարեկան եկամուտը առաջիկա 10 տարվա ընթացքում կարող է կազմել 8,5-ից 13,9 միլիոն դոլար: