Առաջին անգամ վերջին 20 տարում հայ գյուղացին կարողացավ մթերվող խաղողի գին թելադրել, այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ` խաղողի մթերման նվազագույն գինը 2011 թ. կգ-ի համար 135 դրամ էր, նախորդ տարիների 70-80 դրամի համեմատ: Պատճառը` գինեգործարանների միջեւ առկա մրցակցությունն է:

Ըստ Ա. Հարությունյանի` Հայաստանի եւ խոշոր եւ փոքր գինեգործարանները արտասահմանյան ժամանակակից սարքավորումներ են գնել, եւ նպատակ ունեն գրավել ռուսական շուկան, որտեղ ճգնաժամից հետո հայկական գինու նկատմամբ պահանջարկի մեծ աճ կա:

Տեխնիկական խաղողի նկատմամբ պահանջարկն այնքան մեծ է եղել, որ ստեղծվել է աժիոտաժ, գինեգործարանները սկսել են խաղողը մթերել դեռեւս չհասունացած, որը կանդրադառնա գինու որակի վրա: Սակայն Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ հաջորդ տարի մթերումներն ավելի կանոնակարգված կլինեն, աժիոտաժ չի լինի` գինեգործարանները դաս կքաղեն այս տարվա իրավիճակից:

Ըստ Ա. Հարությունյանի`հաջորդ տարիներին հայկական գինու արտադրությունը կընդլայնվի, իսկ խաղողի նկատմամբ պահանջարկը կշարունակի աճել: Իսկ քանի որ խաղողի այգի հիմնելը ժամանակատար եւ ծախսատար գործ է (1 հա տնկելու համար առնվազն 20 հազ. դոլար ներդրում է պահանջվում), ու հայ գյուղացին այնքան էլ չի շտապում ավելացնել խաղողի այգիները, ստիպված կլինեն եղած խաղողը մթերել ավելի բարձր գնով: Նրա կանխատեսմաբ` մթերվող խաղողի միջին գինը 2012 թ. կարող է հասնել 200 դրամի` 1 կգ-ի համար;

Ա. Հարությունյանը կարծում է, որ կառավարությունը պետք է օժանդակի գյուղացիներին` տնկել խաղողի այգիներ, տրամադրելով արտոնյալ վարկեր: