Ստամբուլահայ համայնքի ամենամեծ Երեք Խորան եկեղեցու հիմնադրամում շարունակվում են վիճաբանությունները, որոնք հասել են դատական ատյաններին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Երեք Խորան եկեղեցու հիմնադրամի անդամ Էֆրաիմ Բաղը պնդում է, որ հիմնադրամի ղեկավարությունը թափանցիկ չի գործում են չի ներկայացնում հիմնադրամի սեփականությունը հանդիսացող մի շարք շինություններից ստացվող վարձակալության գումարները։  Բաղը պնդում է, որ Երեք Խորանի հիմնադրամը Ստամբուլի կենտրոնում՝ Բեյօղլույում եւ Իսթիքլալի պողոտայում շատ թանկարժեք տարածքներ ունի, որոնք վարձակալության են տրված տարբեր ընկերությունների։

Երեք խորանի հիմնադրամի ղեկավարությունն իր հերթին մեղադրում է իրենց մեղադրանքներ ներկայացնող անդամներին՝պնդելով, թե նրանցից սպառնալիքներ են ստանում։

Եկեղեցու հիմադրամի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Ըշըթմանը այս տարվա ապրիլի 15-ին դիմել էր ոստիկանություն՝ պնդելով, որ ընտրությունների ժամանակ եկեղեցու դեմ սպառնալիքներ են եղել եւ բազմաթիվ անդամներ չլինելով իրենց շրջանի բնակիչ, եկել են ընտրության։   Արա Ըշըթմանը հայ համայնքի 604 անդամի դեմ կեղծարարության մեղադրանքով դատական հայց է ներկայացրել։