Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 7-ին, ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիային:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ երկկողմ հանդիպումները մշտապես անցնում են ջերմ մթնոլորտում, որոնք էլ նպաստում են գտնել հայ-վրացական բոլոր խնդիրների լուծումները:

Բարձր գնահատելով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Թբիլիսիում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը եւս մեկ քայլ կհանդիսանա երկկողմ հարաբերությոնների զարգացման եւ ամրապնդման գործում: «Հայաստանը եւ Վրաստանը մենք դիտարկում ենք որպես մեկ միասնական տնտեսական դաշտ: Մեր միջեւ առեւտրափոխադրումների բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, քանի որ այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Այս առումով, առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրամիության օժանդակությամբ շուրջ 42 մլն եվրո է ներդրվելու մեր երկրի երեք սահմանային անցակետերը եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ժամանակակից անցակետերը հնարավորություն կտան ավելի հեշտ իրականացնել մաքսազերծման գործընթացները եւ քաղաքացիներին մատուցել բարձր մակարդակի ծառայություններ: Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջարկվելու է վրացական կողմին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգ ներառել նաեւ միասնական մաքսային կետերի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա դյուրացնել մաքսազերծման գործընթացը, երկկողմ սահմանի հատումը եւ այլն:

 Իր հերթին, Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ուղղություններով նոր համատեղ ծրագրերի իրականացման հարցերը եւս կդառնան նոյեմբերի 17-18-ին Թբիլիսում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկման առարկա:  

 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Մեղրիից Բաթումի ավտոճանապարհի կառուցմանը, որը 180 կիլոմետրով կկրճատի Իրանից դեպի Սեւ ծով ընկած ճանապարհի երկարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության եւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի: