Եվրախորհրդարանը երեքշաբթի օրը կայացած լիագումար նիստում հաստատել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցության փաթեթի հատկացումը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Որոշումն ընդունվեց 536 կողմ ձայներով, դեմ՝ 40, ձեռնպահ՝ 39 պատգամավոր։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ԵՄ առաջնորդները հաղթահարեցին Հունգարիայի երկարաժամկետ դիմադրությունը և համաձայնության եկան Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ։ Ծրագիրը տևում է չորս տարի։
Եվրախորհրդարանի համապատասխան հանձնաժողովները փետրվարի 22-ին պաշտպանել են օգնության ծրագիր ստեղծելու որոշումը։





























