ԱՄՆ-ում եւ Իսրայելում հզոր լոբբի կա, որը  հանդես է գալիս Իրանի նկատմամբ հարվածի օգտին, սակայն դրա համար  դեռ պետք է անցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը` մեկնաբանելով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այն խոսքերը, թե Իսրայելն ավելի է հակվում իրանական խնդրի ռազմական լուծմանը` դրա դիվանագիտական կարգավորումը  համարելով քիչ հավանական:

«Ինձ թվում է, սա ուշադրությունը շեղող մանյովր է, որի նպատակը աշխարհագրորեն ավելի մոտ եւ ներկայումս ավելի պայթյունավտանգ Սիրիայի վրա կենտրոնացող ուշադրության ցրումն է»,-նշեց նա` ընդգծելով, որ  նույնիսկ այդ պարագայում  անհրաժեշտ կլինի ՄԱԿ-ի ԱԽ թույլտվությունը:

Կ. Գեւորգյանը վերջում հիշեցրեց, որ թեեւ այդ հարցում ԱՄՆ-ն, անկասկած, կպաշտպանի Իրանին, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ում գտնվում է նաեւ  Ռուսաստանը, որը վետոյի իրավունք ունի, եւ Կրեմլը, մեղմ ասած, չի  խրախուսում Իրանին ռազմական հարված հասցնելու գաղափարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, մի քանի օր առաջ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հեռուստահարցազրույցում հայտարարել էր, թե Իսրայելն ավելի շատ է հակվում իրանական խնդրի ռազմական լուծմանը` դրա կարգավորման դիվանագիտական տարբերակը համարելով քիչ հավանական: