ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական գործողություն չեն նախատեսում, հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը:
Նոյեմբերի 7-ին, հանդես գալով Վաշինգթոնում, Ատլանտիկ խորհրդում, նա հայտարարել է, որ այս պահին Սիրիա ներխուժելու ոչ մի ծրագիր, մտադրություն ու քննարկում չկա եւ այդ մոտեցումը կիսում են Դաշինքո բոլոր անդամները: Այդուհանդերձ, Դաալդերը չի բացառել, որ իրավիճակը կարող է փոխվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նա բացատրել է, որ նման գործողություն սկսելու համար անհրաժեշտ է Սիրիայի ընդդիմության հստակ ձեւակերպված պահանջ, տարածաշրջանային աջակցություն եւ օրենսդրական հիմք: Սիրիայի դեպքում այդ նախադրյալները չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել ր, որ Արեւմուտքի միջամտությունը իր երկրի ներքին գործերին կարող է երկրաշարժ առաջ բերել Մերձավոր Արեւելքում:
Արեւմուտքը Սիրիայի իշխանություններին մեղադրում է սեփական քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրելու մեջ, իսկ պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ իր երկրի դեմ տեղեկատվական պատերազմ է ընթանում եւ որ իշխանությունները ռազմական գործողություններ են կազմակերպում ոչ թե խաղաղ ցուցարարների, այլ զինված խմբավորումների դեմ:
Սիրիայում իրավիճակը սրվել է այս տարվա մարտից, երբ ընդդիմությունը պահանջեց երկրի նախագահ Ասադի հրաժարականը եւ ողջ երկրով մեկ սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ իշխող ռեժիմի: Տարբեր տվյալներով, ոստիկանների ու ցուցարարների բախումների հետեւանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 1,5-3 հազար մարդ:




























