2012 թվականին հնարավոր է, որ սոցիալական բողոք լինի, քանի որ ժողովրդի սոցիալական խնդիրները չեն լուծվել: Այդ մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով, դա հատկապես նկատելի կլինի գարնանը, երբ տնային տնտեսուհիների պահածոներն ավարտվում են, եւ պետք է գրպանները բացել խանութներից առեւտուր անելու համար:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե «Ժառանգության» համար դեռ չի սկսվել նախընտրական շրջանը: «Հանդիպում ենք քաղաքացիներին, լսում ենք նրանց կարծիքները, թե ում հետ կցանկանային, որ համագործակցեր «Ժառանգությունը»: Մենք օրենքի շրջանակներում գործելու ենք: Ի տարբերություն մեր հանրապետական գործընկերների, որ դպրոցներում արդեն կուստոմսեր են բաժանում: Որեւէ մեկը չի ասում, որ վարչապետը բոլորի աչքի առաջ տոմսեր է բաժանում»,- նշել է պատգամավորը:

Հարցին, թե ո՞վ կանցնի Ազգային ժողով, Արմեն Մարտիրոսյանը նշել է, թե իր կարծիքը երկրորդական, տասներորդական է, ժողովուրդն է որոշում, թե ում ընտրի: «Արդար ընտրությունների դեպքում մեծամասնություն չի լինի ԱԺ-ում, բայց մանդատների մեծ մասը կլիներ գործող ընդդիմադիր ուժերի ձեռքում»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ արդար ընտրությունների հույս չունի, քանի որ իշխանությունները բիրտ կերպով կիրառում են վարչական ռեսուրսը:

Արմեն Մարտիրոսյանը բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում է դիտում վերջին պաշտոնանկությունները` համոզմունք հայտնելով, որ կլինեն նոր պաշտոնանկություններ:

Ի դեպմ, «Ժառանգության» պատգամավորն այն կարծիքին չէր, որ առաջիկա ընտրությունները լինելու են միայն երեք նախագահների թեւերի պայքար: «Իրատեսական է այն իմաստով, որ ակտիվ են լինելու, գոնե առաջինն ու երրորդը ակտիվ են: Բայց այն կարծիքին չեմ, որ միայն իրենց  թեւերն են վճռորոշ լինելու»,- նշեց նա, իսկ «Ժառանգության» մասով լ նկատեց, որ իրենց միանշանակ պատրաստ են միայնակ մասնակցելու, բայց դեմ չեն նաեւ դաշինքով մասնակցությանը: