«ՅՈՒԿՈՍ» ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին, ով արդեն երկար տարիներ գտնվում է անազատության մեջ, Ռուսաստանում հեղափոխություն է կանխատեսում:
Պատասխանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի այցելուների հարցերին, որոնք նրան են փոխանցել իր փաստաբանները, Խոդորկովսկին հայտարարել է, որ «երկրին սպասվում է երկար լճացում, քաղաքական ճգնաժամ եւ հեղափոխական (հույս ունեմ, անարյուն) իշխանափոխություն»:
Նրա կանխատեսմամբ, Ռուսաստանը «մոտ է ազգային ինքնասպանության» եւ հանուն փրկության, նա պետք է հրաժարվի կայսերական հավակնություններից եւ կառուցի ազգային պետություն:
«Ռուսաստանն ամբողջությամբ պատրաստ է դառնալ եվրոպական տիպի ազգային, իրավական պետություն: Կարեւորն այստեղ մշակույթն է: Ռուսաստանում բնակչության ավելի քան 80 տոկոսը իրենց ռուսական մշակույթի մաս են համարում»,- հայտարարել է նա:
Խոդորկովսկիի ներկայացմամբ, պետք է Ռուսաստան հրավիրել բոլոր նրանց, ովքեր ռուսական մշակույթն իրենց են համարում, իսկ դրա համար անհրաժեշտ է փոխել միջավայրը, անցնել եվրոպական քաղաքական մոդելին` իշխանությունների տարանջատմամբ եւ ազդեցիկ ընդդիմությամբ:
Իսկ ազատական ընդդիմության խնդիրը, ըստ Խոդորկովսկիի, այն է, որպեսզի «լճացման տարիներին պաշտպանեն ազատության եւ մարդու իրավունքների արժեքները, մեղմացնել հեղափոխության ընթացքն ու հետեւանքները»:
Իշխանափոխությունից հետո, ազատականները պետք է դառնան «հետհեղափոխական կոալիցիայի ակտիվ եւ կառուցողական մասը»:




























