ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին համոզել է ապասառեցնել Պաղեստինի օգնությունը` 200 մլն դոլարի չափով: Այդ գումարը սառեցվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, քանի որ Պաղեստինը մտադիր է հասնել իր անկախության ճանաչմանը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ որոշումն ընդունել է հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Իլեանա Ռոս-Լայթինենը: Նա իր որոշման մասին գրավոր կերպով տեղեկացրել է Պետքարտուղարությանը, հայտնելով, որ Սպիտակ Տնից նամակ է ստացել, որտեղ Պաղեստինի համար նախատեսված 200 մլն դոլարի փոխանցումը համարվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության առաջնահերթություններից մեկը:

Այդ 200 մլն դոլարից 50 մլն-ը կտրամադրվի Պաղեստինի անվտանգության ուժերի պահպանման համար, իսկ 150-ը` այլ նպատակների: Պաղեստինի համար նախատեսվել էր եւս 192 մլն դոլար, որոնք պետք է ուղղվեին ենթակառուցվածքների զարգացմանը, բայց դրանք դեռ սառեցված են մնում:

Հիշեցնենք, որ Պաղեստինի ինքնավարությունը սեպտեմբերին հայտ է ներկայացրել ՄԱԿ: Այս քայլը բացասական արձագանք է ստացել ԱՄՆ-ում եւ Իսրայելում: Պաղեստինցիների` իրենց անկախությունը ճանաչելու հայտը դեռ չի քննարկվել: