Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասի երկրների գիտական եւ տեղեկատվական կապերի զարգացման «Հյուսիս-հարավ»  քաղաքագիտական կենտրոնի շնորհանդեսը:

Շնորհանդեսի շրջանակներում կայացել է կլոր սեղան`«Հարավային Կովկասի արդիական խնդիրները ռուս-ադրբեջանական համատեքստում»:

Ըստ «Թրենդ»-ի,  կլոր սեղանի ընթացքում ելույթ ունենալով` կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը նշել է, որ  խնդիր է դրվել հեռանկարում Հարավային Կովկասի բոլոր երկրներում տվյալ կառույցի ներկայացուցչություններն ունենալ:

Նոր փորձագիտական հարթությունների ձեւավորման իմաստն ու նշանակությունը Վլասովը տեսնում է պետական իշխանական մարմիններին  ուղղված համակարգային առաջարկներում,  որպեսզի այդ առաջարկները կուտակեն Ռուսաստանի փորձագիտական մտքի ամբողջ սպեկտրը` ժամանակակից օրակարգի առավել սուր եւ արդիական հարցերի վերաբերյալ: Միայն համակարգային մոտեցմամբ, Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների փոխգործակցության բոլոր կողմերի լուսաբանմամբ կարող ենք ստանալ Հարավային Կովկասի իրավիճակի համարժեք պատկերը եւ քննարկել այդ իրավիճակի հետագա զարգացման հնարավոր ուղիները, ասել է Վլասովը: Ըստ նրա` համակարգային մոտեցման անհրաժեշտությանը զուգահեռ,  փորձագետները եւս մեկ ոչ պակաս կարեւոր խնդիր ունեն` Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների փորձագիտական համայնքների միջեւ մշտապես հաղորդակցում ապահովելը:

Ըստ Վլասովի` ծրագրվում է քննարկումներն անցկացնել երեք բաժիններով` անվտանգության, էներգետիկական փոխգործակցության եւ տեղեկատվա-փորձագիտական հարցերով փոխգործակցության: Անվտանգության բաժնի շրջանակներում գնահատական կտրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հնարավորությանը եւ այն գործոններին, որոնք խոչընդոտում են հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելուն: Նաեւ կքննարկվի Մոսկվայի հնարավոր առաջարկությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության աշխուժացման նպատակով, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման գործընթացի նոր մակարդակում  քաղաքացիական հասարակության ներգրավվումը: Երկրորդ բաժինը վերաբերում է էներգետիկայի հարցերին: Երրորդ բաժնի շրջանակներում ծրագրվում է քննարկել կրթական եւ լեզվական ասպարեզում ռուսալեզու միջավայրը պահպանելուն ուղղված միջոցառումները: