Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական Լյուբմին քաղաքում գործարկել են «Հյուսիսային հոսքը» (Nord Stream):

Հանդիսավոր արարողությանը նաեւ մասնակցել են Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն,  Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ էներգետիկայի գծով եվրոկոմիսար Գյունտեր Օտտինգերը, հայտնում է «Газета.Ru»-ն:

Գազատարը, որը  Բալթիկ ծովի հատակով միացնում է Ռուսաստանը Գերմանիային, ամենաերկարն է աշխարհում: Այն ձգվում է 1200 կմ-ից ավելի, հայտնում է «Առաջին ալիքը»:

«Հյուսիսային հոսքի» շինարարության համար ներդրվել է գրեթե 7,5 մլրդ եվրո: Դա Ռուսաստանի, Գերմանիայի, Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի էներգետիկական ընկերությունների միջոցներն են: Լյուբմինում բացվել է գազատարի առաջին գիծը: Դրա թողարկման ծավալը կազմում է տարեկան 27 մլրդ խորանարդ մետր գազ:  «Հյուսիսային հոսքը» ռուսական գազը, տարանցիկ երկրները շրջանցելով, մասնավորապես` Ուկրաինան, օտարերկրյա օգտվողներին հասցնելու այլընտրանքային ճանապարհ է:

2012թ. աշնանը «Հյուսիսային հոսքի»  երկրորդ գծի շինարարության ավարտը թույլ կտա թողարկման ծավալը հասցնել տարեկան 55 միլիարդ խորանարդ մետրի: «Գազպրոմ» -ն արդեն ստորագրել է այդ գազատարով գազի մատակարարման պայմանագրեր ԵՄ մի քանի երկրների հետ, ներառյալ` Գերմանիան, Դանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:

«Հյուսիսային հոսքի» գործարկումից հետո «Գազպրոմ»-ի շահույթը եվրոպական շուկայում կմեծանա եւ 2030թ. կկազմի 30%, «Russia Today» հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում հայտնել է «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: Ըստ նրա` ներկայումս «Գազպրոմ»ը զբաղեցնում է եվրոպական շուկայի գրեթե  մեկ քառորդը: