Քութայիսի օդանավակայանը վերականգնելիս Վրաստանը կօգտվի հայ ինժեներների ու շինարարների փորձից: Այս մասին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ համատեղ ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Շնորհավորելով երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի բացման կապակցությամբ` Կոբալիան նշեց, որ օդանավակայանը զարմացնում է իր դիզայնով եւ տեխնիկական համալրվածությամբ: «Երեւանի օդանավակայանը ամենագեղեցիկներից մեկն է աշխարհում, եւ հայ մասնագետների փորձը Քութայիսի օդանավակայանը վերականգնելիս կարող է չափազանց օգտակար լինել Վրաստանի համար», - ասել է նա:
Կոբալիան նշել է, որ Քութայիսի օդանավակայանը կվերականգնվի մոտ ժամանակներս: «Շատ հնարավոր է, որ այդ գործում համագործակցության համար դիմենք մեր հայ գործընկերներին»:



























