Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր` նոյեմբերի 8-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից:
2011 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել 5.7%` ընդհուպ մոտենալով 4%±1.5 տատանումների թույլատրելի միջակայքին:
ԿԲ խորհուրդն առավել հավանական է համարում, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն եւ միջազգային ապրանքային շուկաները հիմնականում կլինեն հավասարակշռված: Այս պարագայում ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ չեն նկատվի:
Առաջիկա ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության ուղղությունների փոփոխություն չի պահանջվում, եւ Կբ-ն առավել նպատակահարմար է համարում չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Միաժամանակ, կախված ռիսկերից, չի բացառվում դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների ճշգրտումը:




























