Թուրքիան հույս ունի վերադարձնել այն միջոցները, որոնք վճարել է F-35 ամերիկյան կործանիչներ գնելու համար, գրել է Sabah թերթը՝ հղում կատարելով ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։

«Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք վերադարձնել փողերը, որոնք վճարել ենք F-35-ների համար, բանակցությունները շարունակվում են»,- ասել է նա։

Ավելի վաղ հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էր հայտնել, որ Թուրքիան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու հարցը, Անկարան այդ ծրագրից իրեն հանելն անհիմն է համարում։

2017թ. Թուրքիան Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր С-400-ների գնդի մատակարարման մասին, որն ստացավ 2019թ.։ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջեց հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ ամերիկյան արտադրության Patriot-ների, բայց Անկարան հրաժարվեց։ Այդ ժամանակ Վաշինգտոնը հանեց Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից եւ պատժամիջոցներ մտցրեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ։ ԱՄՆ-ն զրոյացրեց նաեւ Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը։