Հակամարտությունն Ուկրաինայում անդրադառնում է Հարավային Կովկասի իրավիճակի վրա։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալահերը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան պատասխանել է ուկրաինական հակամարտությանը՝ աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային թշնամու ներխուժմանը դիմակայելու համար։

«Անվտանգության խնդիրները դառնում են ավելի ու ավելի բարդ ժամանակի ընթացքում։ Մենք աջակցություն ենք ցուցաբերում՝ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով»,- ավելացրել է նա։

Գալահերը նշել է, որ աշխարհում ավելանում է հակամարտությունների թիվը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք  խթանում ենք ներառական երկխոսությունը տարբեր մեթոդներով։ Խաղաղության հասնելու համար պետք է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը, որովհետեւ այն տառապում է հակամարտությունից առաջին հերթին»,- ընդգծել է դեսպանը։

Նրա գնահատմամբ՝ այս միջոցառումը կարեւոր է այն ըմբռնման տեսակետից, թե ինչպես խաղաղություն հաստատել տարածաշրջանում։