Քիչ առաջ Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:  Նա շատ արագ մտավ Կառավարության շենք` հրաժարվելով պատաախանել լրագրողների հարցերին։

24News-ի փոխանցմամբ, 10 հոգի մոտ 10 րոպեից կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բնակիչները եկել են քննարկելու տարածքների փոխանակման թեման։

Նշենք, որ արդեն 11 օր է տավուշցիները պայքարում են Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումների դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Երեւանում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Կիրանցի բնակիչների հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։