Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած սաստիկ ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին, իսկ այս ողբերգական դեպքից բոլոր տուժածներին՝ուժ»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ գետը նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների պատճառով դուրս էր եկել ափերից։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջներ և տներ, շատ մեքենաներ մնացել են ջրի տակ։
Ջրհեղեղի հետևանքով միջպետական М-6 ճանապարհը երկու ուղղություններով փակ է երթևեկության համար։ Դեբեդ գետի մակարդակը նախօրեին բարձրացել է 6 մետրով, Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան 530 մմ տրամագծով ջրատարը հայտնվել է ջրի տակ, արդյունքում 16 բնակավայրերի ջրամատակարարումը դադարեցվել է: Նախօրեին այն վերականգնվել է: Ջրհեղեղի հետևանքով այս պահին կա 4 զոհ։




























