Մի խումբ թուրքահայեր նոյեմբերի 19 -ին հոգեւոր արարողությունից հետո դուրս են եկել ցույցի` բողոքելով  հիմնադրամի խորհրդի ընտրությունների  ժամանակ տեղի ունեցած մեքենայությունների դեմ, տեղեկացնում է Hürriyet Daily News and Economic Review-ն:

Մոտ 100 մարդ պահանջել է հայկական Ուչ Խորան  եկեղեցու հիմնադրամի խորհրդի անդամների հրաժարականը, ովքեր, ըստ նրանց, ապօրինի են զբաղեցրել իրենց պաշտոնները:

Ցուցարարների  ակտիվիստներից Կարո Պալյանը Hürriyet Daily News-ին ասել է, որ «ներկայիս վարչակազմն արեւելյան Թուրքիայի հայերին «քրդեր» է համարում եւ չի ցանկանում, որ նրանք լինեն խորհրդում»:

Հաղորդվում է, որ թուրքահայ համայնքն ունի 42 հիմնադրամ, որոնք բոլորը գտնվում են Ստամբուլում: Ամենամեծ եկամուտ ունեցող հիմնադրամներից մեկն էլ Ուչ Խորանն է:

2009 թ. հիմնադրամը  դիմել է  Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությանը` ղեկավարող խորհուրդ ընդունելու համար: Տեղի ունեցած ընտրությունները, սակայն, չեղյալ են համարվել, եւ գործը հասել էր դատարան:

Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը նոր ընտրություններ էր պահանջել,  որոնք պետք է անցկացվեին անցած տարի  նոյեմբերի 21-ին, սակայն  ընտրությունները դարձյալ հետաձգվել էին:

Պալյանն ասել է, թե հիմնադրամի խորհուրդը դիմում-բողոք է ներկայացրել  հայ համայնքի 603 ներկայացուցչի դեմ: «Նրանք դիմադրում են փոփոխություններին արդեն 35 տարի, նման պրակտիկան չի կարող պահպանվել առանց պետության պաշտպանության»,- ավելացրել է նա: