Համեմատաբար փոքր ծավալների պատճառով Հայաստանի արտահանումը ներմուծումից զարգանում է ավելի բարձր տեմպերով:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին այդ միտումը պահպանվել է: Արտահանման աճը կազմել է 139 տոկոս` ներմուծման 111 տոկոս աճի դիմաց:

Սակայն Հայաստանի արտահանման կառուցվածքում 20,4 տոկոսը բաժին է հասնում «պղնձի հանքանյութ ու խտանյութ» խմբին: Երկրորդ տեղում ֆեռոմոլիբդենն է` 9,6 տոկոս:

Նույն ժամանակահատվածում արտահանման մեջ երրորդ տեղ է բարձրացել էլեկտրաէներգիան` անցած տրավա հունվար-սեպտեմբերի 2,9 տոկոսից հասնելով մինչեւ 8,8 տոկոսի: Էլեկտրաէներգիային դարձյալ հաջորդում է հանքարդյունաբերության արտադրանքը: «Չռաֆինացված պղինձ, էլեկտրոլիտիկ ռաֆինացման համար պղնձե անոդներ» խմբի մասնաբաժինը 8,7 տոկոս է:

Հինգերորդ տեղում հղկված ալմաստն է` 8,7 տոկոս: Սակայն պետք է նշել, որ չհղկված ալմաստն ամբողջությամբ ներկրվում է: Այնպես որ, արտահանման 85,5 միլիոն դոլարը կարելի է ֆիկտիվ համարել, քանի որ արտացոլում է ալմաստի ամբողջ արժեքը, իսկ Հայաստանին մնում է միայն հղկման ծառայության դիմաց վճարած գումարը:  

Վերին հինգ տեղերը զբաղեցնող ապրանքախմբերն ապահովում են արտահանման 56,2 տոկոսը: Հայաստանի արտահանման կառուցվածքի հսկայական անհամաչափությունը հասկանալու համար նշենք, որ մնացածն ապահովում են 735 ապրանքախմբեր:

Հարյուրավոր ապրանքների մասնաբաժինը զուտ խորհրդանշական է, քանի որ արտահանման 80 տոկոսն ապահովել են 12 ապրանքախմբեր, իսկ մնացած 20 տոկոսը` ավելի քան 700 ապրանքներ:

Հայաստանի արտահանման մյուս խնդիրը ապրանքների ցածր ավելացված արժեքն է, քաշի համեմատ ցածր գնով: Դա նշանակում է, որ տրանսպորտային ծախսերը զգալի կշիռ ունեն ինքնարժեքում:

Պղնձի հանքանյութի եւ խտանյութի մեկ տոննայի գինը 2,3 հազար դոլար է: Հունվար-սեպտեմբերին արտահանվել է 86 հազար տոննա: Համեմատության համար, մեկ տոննա ալմաստը կարժենա գրեթե 1,6 միլիարդ դոլար` 675 հազար անգամ թանկ: Նույինսկ, մեկ տոննա ալմաստ տեղափոխելու համար ինքնաթիռ վարձելու դեպքում, տրանսպորտային ծախսերը մեծ չեն լինի ինքնարժեքում: Թեեւ Հայաստանը հունվար-սեպտեմբերին արտահանել է 55 կգ ալմաստ:  

Ալկոհոլային խմիչքների արտահանումը կազմել է 6,1 միլիոն լիտր: 1000 լիտրի մաքսային արժեքը` մոտ 12,2 հազար դոլար: Գինու արտահանումը եղել է 498 հազար լիտր, կոնյակինը` 8,5 միլիոն լիտր: Գինու եւ կոնյակի արտահանման հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը:

Զգալի աճ է գրանցել մրգի արտահանումը` բարձրանալով 17-րդ տեղ: Հունվար- սեպտեմբերին արտահանվել է 8,3 հազար տոննա «ծիրան, բալ, կեռաս, դեղձ եւ սալոր» խմբի միրգ, ինչը 3,4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Պետք է նշել, որ գյուղատնտեսության ապրանքների արտահանումը ներքին շուկայի հաշվին նպատակահարմար չէ: Քաղաքակիրթ երկրներում արտահանվում է ավելցուկը, որը կարող է մի քանի անգամ գերազանցել ներքին շուկայի պահանջարկը: Իսկ Հայաստանում գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետեւանքով խախտվում է պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռությունը` հանգեցնելով այդ ապրանքների մանրածախ գների աճի եւ հարվածելով բնակչության անապահով խավի գրպանին:

Համապատասխան պետական մարմինները ոչ մի հակաքայլ չեն ձեռնարկում. նույիսկ, խրախուսում են ատահանումը: Այս տարի արտահանվել է 76 հազար գլուխ ոչխար` 11 հազարով ավելի, քան անցած տարվա հունվար-սեպտեմբերին: Սեպտեմբերին ոչխարի մսի գինը Երեւանում բարձրացել է 19,1 տոկոսով` հասնելով 3476 դրամի: Բնականաբար, ազդել է ընդհանուր գնաճը, սակայն արտահանման աճը եւս բացասաբար է ազդել: