Ֆրանսիայի հյուսիս-արևելքում թուրքական հարսանիքի ժամանակ հրաձգության հետևանքով 30-ն անց տղամարդ է սպանվել, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է ոստիկանությունը:

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ երեք զինված, գլխածածկ տղամարդիկ են ժամանել  Թիոնվիլի ընդունելության վայրը շաբաթ ուշ երեկոյան, որից հետո կրակ են բացել հյուրերի վրա:

Le Figaro թերթը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հայտնում է, որ հարձակվողները եկել են տեղական ժամանակով ժամը 01:15-ին՝ «Մոզելում հայտնի ավազակախմբերի միջև հաշիվներ մաքրելու նպատակով»:

Ոստիկանության տվյալներով, վիրավորների թվում  հղի կին կա, իսկ երեք տուժածները ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտակա Բել-Էյր հիվանդանոցում:

Մոտ 100 մարդ էր Եդեմի պալատում տոնում  հարսանիքը, երբ զինված մարդիկ ավտոմեքենայով ժամանեցին միջոցառմանը։ Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Լոթարինգի շրջանում՝ Գերմանիայի և Լյուքսեմբուրգի սահմանների մոտ։

Հաղորդվում է, որ հարձակվողներն օգտագործել են ինքնաձիգներ և որսորդական հրացաններ:

Դատախազ Նենսի Ֆրանսուա Կապին-Դյուլհոսթն ասել է, որ տղամարդիկ կրակել են «մի քանի տասնյակ անգամ»՝ հավելելով, որ գնդակները դիպել են չորս մարդու։

Հաղորդվում է, որ տուժածները 25-ից 50 տարեկան են:

Երբ շտապօգնության ծառայությունները ժամանել են, հարձակվողներն արդեն փախել էին դեպքի վայրից։ Տեղական Le Républicain Lorrain թերթը նշում է, որ ոստիկանությունը հետաքննում է, թե  մեքենան եկել է Գերմանիայի՞ց, թե՞ Լյուքսեմբուրգից, որոնք դեպքի վայրից գտնվում են մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա: