Երկու տղամարդ է ձերբակալվել կիրակի օրը Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա կատարված հարձակման առիթով, որը Սերբիայի իշխանությունները «նպատակաուղղված ահաբեկչություն» են անվանել, հայտնում է Blic-ը։
Հարձակվողը, որը ոստիկանության կողմից ճանաչվել է որպես «մահմեդականություն ընդունած», շաբաթ վաղ առավոտյան արբալետից կրակել է դեսպանատան մոտ հերթապահություն իրականացնող սերբ ոստիկանի պարանոցին:
Հարձակվողին գնդակահարել է ոստիկանը։
Ոստիկանության տվյալներով, հարձակվողը ծնունդով Բելգրադի մոտակայքում գտնվող Մլադենովացից էր և ապրում էր Սերբիայի բոսնիացի մահմեդական փոքրամասնության պատմաքաղաքական կենտրոնում՝ Նովի-Պազարում:
Իշխանությունները հայտարարել են, որ նախնական տվյալներով, հարձակումն իրականացրել են մարդիկ, որոնք կասկածվում են Սաուդյան Արաբիայում գերիշխող, իսլամի «ուլտրապահպանողական վահաբական ճյուղի» հետ կապերի մեջ:
Նրանք հավելել են, որ հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ կասկածվում են անվտանգության ծառայություններին հայտնի մի շարք անձինք:
«Սերբիայի մի քանի վայրերում խուզարկություններ են իրականացվել, և տասնյակ մարդիկ են հարցաքննվել»,- հայտնել է ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը պետական RTS հեռուստաալիքի եթերում:
Դատախազությունը կորոշի՝ արդյո՞ք, նրանք կապ են ունեցել «նպատակաուղղված ահաբեկչության հետ», - հավելել է նա:
Ոստիկանությունը հետևել է հարձակվողի տեղաշարժերին Բելգրադում, որտեղ նա ժամանել է շաբաթ վաղ առավոտյան և հայտնել, որ հարձակումից առաջ նա գնացել է սինագոգ, սակայն նրան կանգնեցրել են մեծ թվով ոստիկաններ: Դրանից հետո նա ուղղվել է Իսրայելի դեսպանատուն։
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը շաբաթ օրը շնորհակալություն է հայտնել Սերբիայի իշխանություններին «ահաբեկչական հարձակման փորձից հետո վճռական աջակցության և համագործակցության համար»:
Սերբիայում Իսրայելի դեսպան Յախել Վիլանը կիրակի Բելգրադի հիվանդանոցներից մեկում այցելել է վիրավոր սպային։ 34-ամյա ոստիկանին վիրահատել են նետը պարանոցից հանելու համար, ըստ բժշկի, նրա վիճակը կայուն է։
Գազայի հատվածում պատերազմը սկսվելուց հետո Սերբիան շարունակում է զենք վաճառել Իսրայելին։





























