ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը քննադատության է ենթարկվում հովանավոր դեմոկրատների կողմից նախագահ Ջո Բայդենին 2024 թվականի նախագահական մրցապայքարից դուրս գալու խորհուրդ տալուց հրաժարվելու համար, գրում է The Telegraph-ը։
Առաջին տիկինը, որը ամուսնացած է Ջո Բայդենի հետ 1977 թվականից, կիրակի օրը պետք է ամուսնու հետ մասնակցեր Նյու Յորքում մի քանի դրամահավաքի։ Բայց որոշ դոնորներ հայտարարեցին, որ իրենք ներկա չեն լինի Հեմփթոնի միջոցառմանը՝ հինգշաբթի երեկոյան առաջին նախագահական բանավեճի ժամանակ Բայդենի տապալված ելույթից հետո: Ջիլ Բայդենը համարվում է նախագահի մերձավոր շրջապատի ամենաազդեցիկ մարդը։
Ուրբաթ նրան ծաղրեցին այն բանի համար, որ ասել էր, որ Բայդենը շատ լավ է հանդես եկել բանավեճում և «պատասխանել է բոլոր հարցերին» հաջորդած հանրահավաքում:
Շաբաթ օրը Սիլիկոնյան հովտի մի քանի «մեգադոնորներ» փորձել են կապ հաստատել առաջին տիկնոջ հետ՝ փորձելով համոզել նրան հորդորել Բայդենին դադարեցնել իր քարոզարշավը հօգուտ երիտասարդ թեկնածուի, գրում է թերթը:
Բայդենն ավելի վաղ խոստովանել էր, որ ուրբաթ օրն ամեն ինչ հարթ չի անցել և այնքան լավ չի բանավիճել, որքան «նախկինում» էր, բայց պնդել էր, որ ինքը նախկինի պես լավագույն թեկնածուն է Դոնալդ Թրամփին հաղթելու համար:
Ջո Բայդենի անհաջող ելույթը բանավեճում բուռն արձագանք է առաջացրել Միացյալ Նահանգներում։ The New York Times թերթի խմբագրությունը կոչ է արել ԱՄՆ նախագահին դուրս գալ նախընտրական մրցապայքարից, իսկ մի շարք այլ ամերիկյան լրատվամիջոցներ հայտնել են նրա ելույթի բացասական արձագանքը նույնիսկ դեմոկրատական կուսակցության անդամների շրջանում, որի թեկնածուն Ջո Բայդենն է։





























