Նիդեռլանդների երկար տարիների վարչապետ Մարկ Ռյուտեն կիրակի օրը հայրենակիցներին ուղղված իր վերջին ուղերձում կոչ է արել իր երկրին աջակցել Ուկրաինային և միջազգային համագործակցությանը, հայտնում է AP-ն։
«Չափազանց կարևոր է, որ մեր երկիրը ինտեգրվի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Միասին մենք ավելի ուժեղ ենք, քան առանձին-առանձին: Հատկապես հիմա»,- հայտարարել է 57-ամյա Ռյուտեն Հաագայի իր գրասենյակից:
Երկիրը ղեկավարելով 14 տարի՝ նա կոնսենսուս ստեղծելու իր փորձը կտանի Բրյուսել, որտեղ այս տարվա վերջին կստանձնի ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Նա ընդգծել է Ուկրաինայի աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ «հանուն այնտեղի խաղաղության և այստեղի անվտանգության»։
Ռյուտեն նշել է նաև իր երկրի դրական հատկությունները։
«Այստեղ պատերազմ չկա, դուք կարող եք լինել այն, ինչ կաք, մենք բարգավաճում ենք»,- իր 12 րոպեանոց ելույթում ասել է նա։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ իր պաշտոնավարման ընթացքում եղել են ձախողումներ, այդ թվում՝ երեխաների նպաստների հետ կապված սկանդալը, որի պատճառով հազարավոր ծնողներ սխալմամբ խարդախ են հայտարարվել։
Ռյուտեն հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մի քանի «սպիտակ մազ ու կնճիռ» է ձեռք բերել։





























