Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում խաղաղություն հաստատելու համար Թուրքիայի կողմից լրացուցիչ քայլերի հնարավորությունը չի բացառել։
«Շատ ենք փորձել հարևան Սիրիայում ավելի քան 13 տարի տևած և 1 միլիոն մարդու կյանք խլած հակամարտությանը քաղաքական լուծում գտնել։ Փորձեցինք տարբեր խողովակներով կանխել հետագա արյունահեղությունը և տեղերում որոշ հարցերում դրական արդյունքների հասանք։ Հնարավորություն կա ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կծառայեն Սիրիայում խաղաղությանն ու կայունությանը»,- ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է նա։ Էրդողանը շեշտել է, որ Անկարան ոտնձգություն չի անում որևէ մեկի հողերի կամ ինքնիշխանության նկատմամբ։
«Սիրիայի ազգային միասնության պաշտպանությունը նույնպես առաջնահերթություն է Թուրքիայի համար... Մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավարական, բարգավաճ և ուժեղ Սիրիա: Բոլորից առավել ցանկանում ենք, որ Սիրիան ապահով լինի միլիոնավոր մարդկանց համար, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները»,- ասել է Էրդողանը:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ Աստանայում բանակցությունները, որոնք հայտնի են որպես Աստանայի ձևաչափ, շարունակվում են 2017 թվականից: Աստանայի ձևաչափը ներառում է սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացի երաշխավոր երկրներ հանդես եկող Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ինչպես նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության, ՄԱԿ-ի և դիտորդ երկրների՝ Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները:





























