ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ​​ազգային կոմիտեն դիտարկում է ընտրություններում Ջո Բայդենի վաղաժամ առաջադրման հնարավորությունը, որպեսզի նման կերպ դադարեցնեն Դոնալդ Թրամփի հետ բանավեճում անհաջող ելույթից հետո նրա փոխարինման մասին ներքին կուսակցական խոսակցությունները, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները։

Նրանց համոզմամբ՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հուլիսի 21-ին, երբ կուսակցական կոմիտեն Չիկագոյում անցկացվելիք գլխավոր համագումարից առաջ օգոստոսի 19-ին կհանդիպի ընթացակարգերը վերջնականացնելու համար, հայտնել է BBC-ն։ Դեմոկրատներն արդեն ծրագրել էին առաջադրել 81-ամյա Բայդենին համագումարից առաջ՝ ապահովելու նրա ներկայությունը Օհայոյի քվեաթերթիկներում, որտեղ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 7-ին:

Սակայն ներկայիս ծրագրերը կարող են ծառայել նաև մեկ այլ նպատակի. օգնել վերջ դնել անցյալ շաբաթվա բանավեճից հետո Բայդենին հնարավոր փոխարինելու մասին խոսակցություններին: Միևնույն ժամանակ, դեռևս բանավեճից առաջ հարցումները ցույց են տվել, որ Բայդենի վերընտրումը բարդանալու է ընտրողների՝ նրա տարիքի և երկրորդ ժամկետում իր պարտականությունները կատարելու ունակության մտահոգությամբ ։

Հուլիսի 11-ին Մանհեթենում նախատեսվում է Դոնալդ Թրամփի դատավճիռը՝ 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների առնչությամբ։ Միաժամանակ, հուլիսի 15-18-ը Միլուոկիում տեղի կունենա հանրապետականների ազգային համագումարը, որտեղ ակնկալվում է, որ Թրամփը պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու։