Պորտուգալական Chega («Բա՛վ է») ծայրահեղ աջ կուսակցությունը միացել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ստեղծած «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» նոր ազգայնական դաշինքին, հայտնել է Euronews-ը։
Chega կուսակցության նախագահը հայտարարել է այս ինքնիշխան կոալիցիայի մաս դառնալու իր մտադրության մասին, - հայտնել է Օրբանի խոսնակը:
Մինչ այդ Անդրե Վենտուրան Chega շարժումն անվանել է քաղաքական «այլընտրանք» ստեղծելու և աջերը միավորելու համար «պատմական հնարավորություն»։
«Այս խումբն ակնհայտորեն դեմ է Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիո Կոշտային», - ասել է Վենտուրան՝ նկատի ունենալով անցյալ շաբաթ ԵՄ բարձրագույն պաշտոնների շուրջ բանակցությունների ժամանակ Օրբանի բացասական քվեն։
Օրեր շարունակ շահարկումներից հետո, կիրակի Հունգարիայի առաջնորդը հայտարարել է «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» նոր ազգայնական դաշինքի ստեղծման մասին՝ Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի և Ավստրիայի ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հերբերտ Կիկլի աջակցությամբ։
«Եվրոպացիներին պետք է երեք բան՝ խաղաղություն, կարգ և զարգացում: Եվ այն, ինչ նրանք այսօր ստանում են Բրյուսելի վերնախավից, պատերազմն է, ներգաղթն ու տնտեսական լճացումը» - ասել է Օրբանը Վիեննայում կազմակերպված շնորհանդեսում:
Դաշինքը մտադիր է առավելագույնի հասցնել իր ազդեցությունը՝ Եվրախորհրդարանում նոր խումբ ստեղծելով։ Բայց դրա համար անհրաժեշտ է առնվազն 23 Եվրախորհրդարանի անդամ յոթ երկրներից:





























