Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հուլիսի 2-ին Վարշավայում անցկացրել են 2018 թվականից ի վեր առաջին միջկառավարական բանակցությունները, որտեղ քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը, գրում է DW-ն։
«Մենք պետք է ընդլայնենք Լեհաստանի և Գերմանիայի միջև տրանսպորտային ուղիները, ինչը կարևոր է նաև զինվորականների համար», - հայտարարել է Օլաֆ Շոլցը:
Նա հավելել է, որ երկու երկրների անվտանգությունը համարում է «անքակտելի» և կոչ է արել էլ ավելի խորացնել Վարշավայի և Բեռլինի միջև գործընկերությունը։ «Ցանկանում ենք, որ Լեհաստանի ձայնը բարձր լսվի Եվրոպայում, քանի որ մեր երկրների անվտանգությունը անքակտելիորեն շաղկապված է», - գրել է կանցլերը սոցիալական «X» ցանցի իր միկրաբլոգում՝ կառավարական կառուցողական խորհրդակցությունների համար շնորհակալություն հայտնելով Տուսկին։
Լեհաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ եվրոպական անվտանգության հարցերում Գերմանիան կդառնա առաջատարը։ Բացի դրանից, նա հիշեցրել է, որ իր երկիրը շատ գումարներ է ծախսում զենքի վրա, ուստի կցանկանար, որ Վարշավայի ջանքերն այս ոլորտում այլ երկրների ջանքերի հետ լավ համակարգված լինեն։
Ըստ dpa գործակալության՝ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթղթում նշվում է Երկրորդ աշխարհամարտից հետո Վարշավային փոխհատուցում վճարելու հարցը։ Նշվում է, որ կողմերը «ինտենսիվ երկխոսություն են վարում 1939-1945 թվականներին գերմանական ագրեսիայի և օկուպացիայի ողջ մնացած զոհերին աջակցելու միջոցառումների շուրջ»։ Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են Բեռլինում Գերմանա-լեհական տուն կառուցել, որը կհավերժացնի գերմանա-լեհական բարդ պատմության և գերմանական դաժան օկուպացիայի հիշողությունը, կստեղծվի նաև լեհ զոհերի հիշատակի վայր։





























