Ճապոնիայի իշխանությունները ականազերծման տեխնիկայի հերթական խմբաքանակը կտրամադրեն Ուկրաինային աջակցության մասին երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Ճապոնիայի կառավարությունը ականազերծման չորս մեծ մեքենա կտրամադրի Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը (ՈւԱԻՊԾ) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով։ Ականազերծումը եւ չպայթած զինամթերքների ուտիլիզացումը ոչ միայն կարեւոր են բնակիչների անվտանգության ապահովման համար, այլեւ ենթակառուցվածքի վերականգնման ջանքերի մի մասն են»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
Սպասվում է, որ մատակարարումը կիրականացվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ։ Բացի այդ, ճապոնական կողմը ականազերծման դասընթացներ կանցկացնի ՈւԱԻՊԾ աշխատակիցների համար։
Ճապոնիան եւ Ուկրաինան հունիսին ստորագրել են անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր 10 տարով։ Բացի այդ, 2024թ. ընթացքում Կիեւը Տոկիոյից կստանա 4,5 մլրդ դոլար։ Ճապոնիայի օրենսդրության եւ գործող սահմանադրության համաձայն՝ երկիրը կարող է ուկրաինական կողմին տրամադրել միայն ոչ մահասփյուռ տեխնիկա եւ սարքավորումներ։



























