ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրները։

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն,  զրույցի հիմնական միտքն այն էր, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությանն առավել շահեկան դիրք տա հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։

Ընտանիքի անդամները զրույցում ընդգծել են, որ Բայդենը ցանկանում է, որ մրցապայքարից դուրս գալու մասին հայտարարությունն արվի իր ընտրած ժամանակում։ Բացի այդ, կողմերը քննարկել են Սպիտակ տան ղեկավարի նախընտրական արշավի ազդեցությունը նրա առողջության, ընտանիքի և երկրում կայունության վրա։

Հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի ունեցավ Բայդենի և Թրամփի հեռուստաբանավեճը։ CNN-ի էքսպրես հարցման համաձայն՝ բանավեճը դիտած հեռուստադիտողների երկու երրորդը հաղթանակը շնորհել է Թրամփին։ Բայդենի աղետալի ելույթից հետո ԱՄՆ-ում սկսեցին ավելի բարձրաձայն հնչել Սպիտակ տան ղեկավարին ուղղված,  պետական ​​բարձրագույն պաշտոնը պահպանելու հետագա փորձերից հրաժարվելու կոչերը: