Հնդկական ONGC Videsh Limited ընկերությունն առքուվաճառքի վերջնական պայմանագիր է կնքել նորվեգական Equinor-ի հետ «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» (ԱՉԳ) նախագծի 0,615% և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի օպերատոր BTC Co ընկերության 0,737% բաժնետոմսերի ձեռքբերման մասին: Այս մասին ասվում է հնդկական ընկերության պաշտոնական հաղորդման մեջ։
Նշվում է, որ այս գործարքներում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մինչև 60 մլն դոլար։ Գործարքը կավարտվի առաջիկա ամիսներին։
«Այս գնումները կլրացնեն ONGC Videsh-ի 2,31% բաժնետոմսերը ԱՉԳ նախագծում և 2,36% բաժնետոմսերը ԲԹՋ խողովակաշարում», - ասվում է հաղորդագրության մեջ:
ONGC Videsh Ltd.-ը հնդկական ազգային ONGC նավթային ընկերության դուստր ձեռնարկությունն է։ ONGC-ն Հնդկաստանի նավթի և գազի հետախուզման և արդյունահանման խոշորագույն միջազգային ընկերությունն է, որը 32 ակտիվ ունի 15 երկրում:
«Ադրբեջանում այս գնումները համահունչ են ընկերության ռազմավարական նպատակին՝ ապահովել Հնդկաստանի էներգետիկ անվտանգությունը՝ պորտֆելում բարձրորակ միջազգային ակտիվներ ավելացնելով», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Ազերի», «Չիրաղ» և «Գյունեշլի» հանքավայրերի շահագործման պայմանագիրը կնքվել է 1994 թվականին։ Դրա գործողության ժամկետը պետք է լրանար 2024 թվականին։ Սակայն 2017 թվականի սեպտեմբերին նոր պայմանագիր է կնքվել մինչև 2050 թվականը։
Այս պահին բրիտանական BP plc-ի մասնաբաժինը նախագծում կազմում է 30,37%, Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR)՝ 25%, հունգարական MOL-ինը՝ 9,57%, ամերիկյան ExxonMobil-ինը՝ 6,79%, հնդկական ONGC Videsh-ինը՝ 2,31%, ճապոնական Inpex Corp.-ինը՝ 9,31%, Itochu Oil-ինը՝ 3,65%, նորվեգական Equinor-ինը՝ 7,27%, թուրքական TPAO-ինը՝ 5,73%։
Ինչպես հաղորդվել է, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում փաստաթղթեր են ստորագրվել, ըստ որոնց Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գնել է ԱՉԳ, Ղարաբաղ հանքավայրերում և ԲԹՋ նավթամուղի նախագծում Equinor-ին պատկանող բաժնետոմսերը: Գործարքը կավարտվի կարգավորող բոլոր պահանջներին և պայմանագրային պարտավորություններին համապատասխան, նշել է SOCAR-ը:
Equinor-ի մասնաբաժինը ԲԹՋ նախագծում կազմում է 8,71%, «Ղարաբաղ» նախագծում՝ 50%: SOCAR-ի մասնաբաժինը ԲԹՋ-ում կազմում է 25%, «Ղարաբաղ»-ում՝ 50%:
««Equinor»-ը իր միջազգային նավթագազային բիզնեսի վերակազմավորման գործընթացում է, և Ադրբեջանում ակտիվների վաճառքը համահունչ է մեր միջազգային պորտֆելը կենտրոնացնելու մեր ռազմավարությանը», - ասվում է նորվեգական ընկերության մամլո հաղորդագրության մեջ:





























