Իսրայելի կառավարության երկու նախարարների դեմ պատժամիջոցներն այն քայլերի մեջ էին, որոնք քննարկվել են չորեքշաբթի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ կապված Արեւմտյան ափին անվտանգային իրավիճակի վատացման հետ, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։
Խորհրդակցությունը Սպիտակ տանը գումարվել էր պաղեստինցիների դեմ ծայրահեղական վերաբնակների բռնության հերթական բռնկումից եւ Իսրայելի կառավարության՝ եւս 5 000 բնակարան կառուցելու որոշումից հետո։
Միջազգային քրեական դատարանը ուրբաթ հրապարակված եզրակացությունում հայտնել է, որ բնակավայրերի օգնությամբ Իսրայելը անօրինաբար անեքսիայի է ենթարկել պաղեստինյան տարածքի զգալի մասը։ Բայդենի վարչակազմը նույնպես կարծում է, որ բնակավայրերը հակասում են միջազգային իրավունքին։
Այս տարի ավելի վաղ Բայդենը ստորագրել էր աննախադեպ հրամանագիր, որով թույլ էր տրվում պատժամիջոցներ մտցնել իսրայելցի վերաբնակների դեմ։ Ներկայում մտցվել են պատժամիջոցների երկու փուլեր։
Երբ Բայդենը ստորագրում էր այդ հրամանը, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները նախագահին խորհուրդ էին տալիս պատժամիջոցներ մտցնել ֆինանսների եւ ազգային անվտանգության ուլտրաազգայնական նախարարներ Բեցալել Սմոտրիչի եւ Իտամար Բեն Գվիրի դեմ։ Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյայի խոսքով՝ Բայդենը մերժել է այդ առաջարկն այն հիմնավորմամբ, որ ԱՄՆ-ը չպետք է պատժի դեմոկրատական երկրներում ընտրված պաշտոնատար անձանց։
Այդ ժամանակվանից նրանց մի քանի կողմնակիցներ եւ վստահված անձինք եթնարկվել են պատժամիջոցների, բայց ոչ Սմոտրիչը եւ ոչ Բեն Գվիրը։ Այս գաղափարը նորից քննարկվել է այս շաբաթ Ազգային անվտանգության խորհրդի նիստում, բայց որոշում չի ընդունվել։ Իսրայելում ԱՄՆ դեսպան Ջեք Լյուն առաջարկել է հանդիպել Սմոտրիչի հետ՝ հուսալով, որ նրա վարքը կփոխվի, այլ ոչ թե բոյկոտել նրան, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիազորությունների մեծ մասն Արեւմտյան ափում փոխանցել է Սմոտրիչին, որի ընդլայնված պորտֆելը նրան լայն լիազորություններ է տալիս բնակավայրերի կառուցման հարցում։
Ինքն էլ վերաբնակ լինելով՝ Սմոտրիչը հրապարակայնորեն երդվել է անհնար դարձնել երկու պետությունների ստեղծումը։ Նա նախաձեռնել է բնակավայրերի ընդլայնման, ամրակետերի լեգալացման, Պաղեստինյան վարչակազմի թուլացման եւ վերաբնակների աջակցության (որոնք հարձակվում են պաղեստինցիների վրա) տնտեսական բազմաթիվ գործողություններ։
Այդ ընթացքում Բեն Գվիրը հրամայել է իսրայելական ոստիկանությանը միջոցներ չձեռնարկել վերաբնակների դեմ, որոնք հարձակվում են պաղեստինցիների վրա, եւ չպաշտպանել Գազա ուղեւորվող հումանիտար օգնության պահակախմբերին իսրայելցի ծայրահեղականների թալանից։





























