Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 29-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին եւ նրանց ներկայացրել իրավիճակը շփման գծում:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, ում Սեյրան Օհանյանը շնորհավորել եւ մաղթել է արգասաբեր աշխատանք:
Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի պաշտպանության նախարարին են ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքը եւ ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադեպերի միջազգային հետաքննության գործուն մեխանիզմներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում են հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու Մինսկի խմբի համանախագահների ջանքները:



























