Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 29-ին, Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի եւ Ռամկավար ազատական կուսակցության Հարավային Ամերիկայի շրջանային վարչության ղեկավար կազմերի եւ անդամների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել ավանդական կուսակցությունների դերակատարությունը Արգենտինայում ու Լատինական Ամերիկայում հայ ինքնության պահպանման, Արցախին սատարելու եւ հայրենիքի հետ կապերի զարգացման գործում:
Միջոցառումներին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:



























