Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալա Բու Հաբիբը Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ լիբանանյան տարածքների դեմ իսրայելական գրոհների դադարեցման նպատակով։

Al Jadeed հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բու Հաբիբը ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Եվրամիությունը ճնշում գործադրի Իսրայելի վրա, որ նա դադարեցնի իր շարունակվող ագրեսիան Լիբանանի դեմ եւ հետեւի ՄԱԿ ԱԽ 1701 բանաձեւին», որը վերջ դրեց հրեական պետության եւ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հակամարտությանը 2006թ.։

Կողմերը, նշել են Գազայի հատվածում հրադադարի ջանքերի շարունակման կարեւորությունը՝ իրավիճակի կարգավորումն անվանելով «թեժացման ավարտի եւ մասշտաբային պատերազմի կանխման հիմնական ուղի»։

Թեժացման հերթական բռնկումն սկսվել է օգոստոսի 25-ին, երբ Իսրայելի ԶՈւ կործանիչները Լիբանանի տարածքում գրոհել են  «Հեզբոլլահի» օբյեկտը։ «Հեզբոլլահն» իր կողմից տեղեկացրել է, որ ավելի քան 320 հրթիռ է արձակել Իսրայելի դեմ՝ գրոհն անվանելով նախնական պատասխան Բեյրութում իր ռազմական թեւի հրամանատար Ֆուադ Շոքրայի սպանության համար։ Ավելի ուշ շարժումը հայտնել է, որ ավարտել է գործողության առաջին փուլն ընդդեմ Իսրայելի՝ ի պատասխան Շոքրայի սպանության։