Ներողություն եմ խնդրում բոլորից, բայց մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը, երբ երկուշաբթի պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր չի հանձնել, գրում է Politico-ն։

Երեքշաբթի Politico-ին տված հայտարարության մեջ Մոնղոլիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ երկիրը էներգետիկ կախվածության մեջ է, ինչը դժվարացնում է Միջազգային քրեական դատարանի որոշմամբ Ռուսաստանի նախագահի ձերբակալությունը:

«Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, որոնք ավելի վաղ տուժել են տեխնիկական խափանումների պատճառներով: Այս մատակարարումները չափազանց կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,-նշել է աղբյուրը:

Ինչպես հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով փորձագետներին, ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան ՌԴ նախագահին ձերբակալելուց հրաժարվելու համար ամենայն հավանականությամբ քրեական հետապնդման կենթարկվի։

Պուտինը սեպտեմբերի 2-ին նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հրավերով երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա։ Կրեմլը նշել է, որ ուղևորությունը համընկել է ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի «Խալխին Գյոլ գետի վրա ճապոնացի միլիտարիստների նկատմամբ» համատեղ հաղթանակի 85-ամյակի հետ։